Ապրիլի 2-ը «Ընթացիկ» տեսակի (տարեկան) անհատական հաշվետվությունները ներկայացնելու վերջնաժամկետն է. ՍԱՊԾ

16:21 • 05.03.12

«Ընթացիկ» տեսակի (տարեկան) անհատական հաշվետվությունները այս տարի անհրաժեշտ է ներկայացնել պետական գրանցման վայրին համապատասխան՝ ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ` մինչև ապրիլի 2-ը (ներառյալ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) մամուլի ծառայությունը։

Սահմանված ժամկետում հաշվետվությունները չներկայացնելու կամ սահմանված ժամկետի կամ կարգի խախտմամբ ներկայացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.18 հոդվածով սահմանված սանկցիայի շրջանակներում: Վարչական տուգանքի չափը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկը (20000 դրամ), իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը (50000 դրամ):

Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածած հաղորդագրությամբ միաժամանակ տեղեկացվում է, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած տնտեսավարող սուբյեկտները ՀՀ ՍԱՊԾ տարածքային բաժիններ պետք է ներկայացնեն անհատական հաշվետվությունները և գործունեության դադարեցումը հավաստող փաստաթուղթ (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք-ստացականի կամ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացված հայտարարության օրինակներ):

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նաև տեղեկացնում է, որ առավել մանրամասն տեղեկատվության համար գործում է թեժ գիծ` 114 կարճ հեռախոսահամարով։