Մըքքեյնը մեկնաբանել է Պուտինի արցունքները

18:33 • 05.03.12

Սենատոր Ջոն Մըքքեյնը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնությունում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը և Մանեժնայա հրապարակում անցկացված «հաղթողների հանրահավաքում» նրա արցունքները:

«Հարգելի Վլադ, անակնկալ, անակնկալ: Դու հաղթել ես: Ռուս ազգը նույնպես արտասվում է», - գրել է Մըքքեյնը:

Ընտրությունների ավարտից հետո, Մանեժնայա հրապարակ այցելած ՌԴ նախագահն ու վարչապետը ելույթ են ունեցել հավաքվածների առջև: Նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի ժամանակ, հեռուստատեսությամբ խոշոր պլանով ցուցադրվել է Պուտինը` արտասվելիս: Ավելի ուշ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ արցունքները եղել են քամուց:

2008թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից Ջոն Մըքքեյնը Twitter-ի իր էջում պարբերաբար անդրադառնում է Պուտինին: Դեկտեմբերին նա Պուտինի համար կանխատեսել էր «հարևան թաղամասում արաբական գարուն»: Ավելի ուշ ռուս վարչապետը քննադատել էր Մըքքեյնին` ասելով, որ նա խելագարվել է Վիետնամում ապրած ցնցումների հետևանքով:

«Պարոն Մըքքեյնը, ինչպես հայտնի է, գերի է ընկել Վիետնամում, և նստել է ոչ թե բանտ, այլ փոսի մեջ, որտեղ մնացել է տարիներ շարունակ: Յուրաքանչյուր մարդ էլ կցնդեր», - ասել է Պուտինը հեռուստաեթերում: