ԱՄՆ-ը սպառնալիքի դեպքում ուժ կկիրառի Իրանի դեմ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդես գալով ամերիկյան ազդեցիկ կազմակերպության AIPAC-ի («ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտե») առջև, հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառի և Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել, սակայն դիվանագիտական հարաբերությունները դեռ կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի:
«Իրանն այժմ մեկուսացված է և հավանական է , որ դիվանագիտական քայլը համապատասխան ճնշման հետ զուգահեռ տա իր պտուղները»,- ասել է նախագահը:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով նույնպես ելույթ է ունեցել կոնֆերանսի ժամանակ, իր հերթին Իրանն անվանել է «աշխարհի սպառնալիք»:
Միացյալ նահանգները և իր դաշնակիցները, այդ թվում Իսրայելը և Իրանի մի քանի արաբական հարևաններ կասկածում են, որ Թեհրանը մշակում է միջուկային զենքի ստեղծման ծրագիր, մինչդեռ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում, գրում է BBC-ն:
Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ լուրեր էին պտտվում այն մասին, որ Իսրայելը ԱՄՆ-ի կամ էլ առանց նրա աջակցության կարող է նախազգուշացնող հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:
«Այժմ շատ են դատարկ խոսակցությունները պատերազմի մասին և այդ խոսակցությունները շահավետ են միայն իրանական իշխանությանը, քանի որ դրանք նպաստեցին նավթի գնի թանկացմանը, ինչից կախված է միջուկային ծրագրի ֆինանսավորումը»,-հավելել է Օբաման:









