Գրչակից ընկերները հիշում են Վազգեն Սարգսյան գրողին

15:51 • 05.03.12

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա գրչակից ընկերները լրագրողների հետ հանդիպմանը հիշեցին նրան ոչ թե որպես զորավար, այլ որպես գրող, հրապարակախոս:

«Սուր, թիրախին հարվածող հրապարակախոս, ինչի մասին էլ գրեր, ինչին էլ արնդարառնար, անզիջում վերաբերմուքն ուներ և չէր խնայում արատը: Ինքը սեթևեթող գրող չէր, ասում էր այն, ինչ պիտի ասեր: Պինդ գրիչ ուներ, սակայն՝ փխրուն հոգի»,– սպարապետի մասին ասում է, նրա գրչակից ընկեր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ով ցավով է նշում, որ որպես հեղինակ նա քիչ բան կարողացավ ստեղեծել:

Կարինե Խոդիկյանը հիշեց, որ երբ տպագրվել էր «Քարի մեջ արյուն կա» Վազգեն Սարգսյանի հոդվածը` դրամատուրգի հայրենի Ջավախքի մասին, ինքը կարծել էր, թե հեղինակը նույնպես Ջավախքից է, քանի որ ըստ նրա, միայն այդտեղ ծնված մարդը կարող էր նման ձևով ըմբռնել իր հայրենքի հոգին:

Կարինե Խոդիկյանը ներկայացրեց իր հարցազրույցը Վազգեն Սարգսյանի հետ, արդեն որպես Պաշտպանության նախարար: «Ինչին եք կարոտում` իմ հարցին պատասխանեց. «Մեր տանը մի խուց ունեի դրան, Արարատի մոծակներին, մեր ֆուտբոլի հավաքականին, երբ խաղից հետո ջրի խողովակ կար, դրա տակ լողանում էինք. երանություն էր։ Եղբորս տղային, ում շատ եմ սիրում»,- Խոդիկյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանի պատասխանը:

Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ սպարապետը սիրած աղջիկ ունե՞ր: Կարինե Խոդիկյանը պատասխանեց իր իսկ հարցին տված պատասխանով: «Անձնական կյանք, միագամից ասեմ, որ չկա, եղածը փախցրած բաներ են, որոնք ես չեմ սիրում»,- պատասխանել էր Վազգեն Սարգսյանը:

«Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի բնորոշմամբ՝ Վազգեն Սարգսյանը բարձրաճաշակ հումորով շատ ուժեղ մարդ էր, ով անընդհատ ժպտադեմ էր:

Ռիտա Շառոյանը ցավով նշեց, որ այսօր երիտասարդությունը ծանոթ չէ Վազգեն Սարգսյան գրողի գործերին։ «Ճիշտ չեն գնահատում մեր սպարապետին: Գոնե 50 տոկոսը երիտասարդության, եթե ճանաչեր նրա հարուստ գրականությունը»,- ափսոսանքով ասաց նա: