Եթե Սպարապետը այսօր ողջ լիներ. Եռաբլուրում հարգեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը

12:19 • 05.03.12

Եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, բանակը կլիներ էլ ավելի համախմբված: Այսօր հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր պանթեոն այցելելուց և նրա գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո:

Նշենք, որ այսօր Եռաբլուրում էին ՀՀ բարձրագույն զինվորականության ներկայացուցիչներ՝ Պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի և այլոց գլխավորությամբ: Զինվորականները ծաղկեպսակներ դրեցին նաև Զորավար Անդրանիկի գերեզմանին և արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ ամեն անգամ և հատկապես այսօր՝ մարտի 5-ին Եռաբլուր այցելիս, վերաիմաստավորում և վերարժևորում են իրենց անցած ճանապարհը, քանի որ հենց Վազգեն Սարգսյանն էր կանգնած հայոց բանակի ձևավորման ակունքներում:

«Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում, հիշում և խոնարհվում զոհվածների առջև»,- ասաց Պաշտպանության նախարարը և հավելեց, որ Վազգեն Սարգսյանը գերազանցապես տիրապետում էր այն ամենին, «ինչ դրված էր բանակի և պետության առջև»:

Այսօր Եռաբլուրում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի սաները ցուցադրեցին իրենց ռազմական պարտրաստվածությունը, իսկ դպրոցականները, որոնք ևս այսօր արցախյան հերոսների պանթեոնում էին, կատարեցի ազգային ազատագրական երգեր:

Ապա զինվորականներն ուղևորվեցի դեպի Վազգեն Սարգսյանի փողոց, որտեղ տեղադրված է Սպարապետի կիսանդրին: