...ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն. այսօր Վազգենը կդառնար 53 տարեկան

08:57 • 05.03.12

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետ, Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 53 տարեկան:

«… Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուրնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել...»,- ՎազգենՍարգսյանի այսպես էր տեսնում և ճանաչում հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը, ով Վազգեն Սարգսյանին համեմատում էր հայոց պատմության ամենաողբերգական վախճանն ունեցած կերպարներից մեկի` Արշակ երկրորդի հետ:

Վազգեն Սարգսյան հայ հասարակական-քաղաքական գործչի կենսագրությունը ներառում է նաև` «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատար,( 1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր և ԽՍՀՄ գրողների միության անդամ: Վազգեն Սարգսյանը 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1999-ի հոկտեմբերի 27 –ին ԱԺ դահլիճում ոճրագործության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանն այս պաշտոնում աշխատեց 4,5-5 ամիս:

Չնայած հայ հասարակության մտապատկերում Վազգեն Սարգսյանի կերպարն ավելի շատ ընկալվում է որպես ռազմական գործիչ, որպես վարչապետ ևս նա օժտված էր իր կերպարին ներհատուկ վառ անհատականությամբ և նախաձեռնողականությամբ: Հայաստանի նորանկախ պատմության մեջ նա առաջին վարչապետն էր, որ «կոտրեց սառույցը> և իր հեռուստաելույթի ժամանակ խոսեց հանրապետության բյուջեի 51 մլրդ դրամանոց դեֆիցիտի մասին: Այս մասին հայտարարելիս Վազգեն Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի:

Մեկ այլ հեռուստաելույթում հայտարարվեց, որ անխնա պայքար է ծավալվելու ստվերային տնտեսության և տնտեսության ոլորտում մենաշնորհների դեմ: Վազգեն Սարգսյանի վարչապետության կարճատև գործունեության արդյունքներից էր բենզինից ու ծխախոտից գանձվող հաստատագրված վճարների բարձրացումը:

Նա նաև հիշվում է իր հայտնի ` մի քանի ժամ տևող սելեկտորային խորհրդակցություններով և նրանով, որ իր թանկարժեք «Մերսեդես»-ջիպը փոխարինեց ռուսական արտադրության ծառայողական «Վոլգայով» և նույնը պահանջեց կառավարության անդամներից:

Մահվանից մոտ մեկ ամիս առաջ Վ.Սարգսյանը խոստացավ 2000 թվական տեղափոխվել բոլոր տեսակի պարտքերը զրոյացրած…

Վազգեն Սարգսյան ռազմական գործչի ամենալավ բնութագիրը, թերևս, հենց Վազգեն Սարգսյանինն է. «Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես…
Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:

Ամեն տարի այսօրը Վազգեն Սարգսյանի ընկերները, զինակիցները, պետական ու բարձրաստիճան պաշտոնյաներ,Հայաստանի շարքային քաղաքացիներ վաղ առավոտից այցելում են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին, իսկ օրվա երկրորդ կեսից մեծանում է մարդկանց հոսքը դեպի նրա ծննդավայր Արարատ, որտեղ գտնվում է Վազգեն Սարգսյանի թանգարանն ու հայրական տունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այսօր կնշի «Մեծարենք մեր հերոսներին» խորագիրը կրող միջոցառումների շարքով. նախատեսված է ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորմասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների այցելությունը «Եռաբլուր», ինչպես նաև հարգանքի տուրքի մատուցում Վազգեն Սարգսյանի փողոցում` Սպարապետի կիսանդրու մոտ, ապա կիրականացվի հիշատակի և ոգեկոչման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում:

Հիշատակի միջոցառումներ կշարունակվեն ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում:
Ծաղկեպսակադրության ու հարգանքի տուրքի մատուցման արարողություն տեղի կունենա նաև Շուշիում գտնվող Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Նշենք, որ արդեն ձևավորված ավանդույթով Վազգեն Սարգսյանի ընկերներն ու հարազատները մարտի մեկը ևս նշում են որպես Սպարապետի ոգեկոչման օր`այցելելով Աշտարակի ձոր, ուր կենդանության օրոք միշտ գնում էր Վազգեն Սարգսյանը` թարխունով ու լավաշով նշելով գարնան առաջին օրը: