Հրազդանի բնակիչը դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ 33,5 մլն դրամի ոսկեղեն հափշտակելու համար
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել ավազակություն կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու համար Ն. Կիրակոսյանին՝ Քրեական օրենսգրքի 175-րդ և 235-րդ հոոդվածների հատկանիշներով առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ 33.555.000 դրամի ոսկեղեն հափշտակելու համար, այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:
Գործով անցնող նրա մյուս հանցակիցները՝ Վ. Հովհաննիսյանը, Ա. Հեպոյանը, Հ. Թորոսյանը հետախուզման մեջ են, իսկ Կ. Թոռչյանը մահացել է ՌԴ-ում:
Դատարանը հիմնավորված է համարել, որ Հրազդանի բնակիչ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիսին՝ նախնական համաձայնության գալով նրանց հետ` ոսկյա իրերի առևտրով զբաղվող Է. Գրիգորյանի վրա վրա ավազակային հարձակում է կատարել՝ ձեռք բերված դիմակների, ինքնաձիգի և մուրճի միջոցով:
Ըստ մեղադրանքի՝ առավոտյան 08:30-ի սահմաններում խումբը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ դարանակալել և սպասել Է. Գրիգորյանին, ապա տեսնելով նրա մեքենան, փակել ճանապարհը և զենքի գործադրմամբ Գրիգորյանից և նրա որդուց հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 33.555.000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր ու հեռացել:
Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը Կ. Թոռչյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել` նրանց գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառով: Պարզվել է, որ հանրապետությունից մեկնած Թոռչյանը, ում նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում, մահացել է Ռուսաստանում:
Քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ «Բրաունինգ» տեսակի ատրճանակը ձեռք է բերել Ն.Կիրակոսյանը, ապա հետագայում նրան առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է նոր մեղադրանքով:









