«Արմավիան» վերսկսել է չվերթները՝ մինչև մարտի 20–ը «Ռոսավիացիային» 178 հազ դոլար պարտքը մարելու պայմանով
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: ««Արմենիա» միջազգային օդանավակայանները», հղում անելով, իր ունեցած տվյալներին, տեղեկացնում է, որ «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսավիացիա» կազմակերպության հետ պարտքի շուրջ:
«Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:
Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների,հավուր պատշաճի»,– նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ռոսավիացիան» (Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն վարչությունը) վերսկսել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը, և թույլատրել են ընկերությանը թռիչքներ կատարել մինչև մարտի 20-ը։ «Ռոսավիացիան» իր տարածած հաղորդագրության մեջ նշել է. որ «Արմավիայից» երաշխավորագիր է ստացել, որ մինչև վերը նշված ժամկետը ընկերությունը կմարի անցյալ տարվա դեկտեմբերին հասանելիք 178 հազ. դոլար պարտքը։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ «Արմավիան» մեկ անգամ չէ, որ զգուշացվել է պարտքերը չվճարելու համար։









