Ռուս զբոսաշրջիկներին թունավորած թուրք բարմենն արդարացվել է
Թուրքական դատարանը հանել է թուրք բարմենի նկատմամբ մեղադրանքները: Նա մեղադրվում էր 2011թ. հինգ ռուս զբոսաշրջիկների կեղծ ալկոհոլով թունավորելու մեջ: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների, Սեիթհան Սըին ազատ է արձակվել այս սկանդալային գործի առաջին լսումների ավարտից անմիջապես հետո:
Մյուս յոթ մեղադրյալները, այդ թվում` նավի սեփականատերը, կեղծ ալկոհոլ գնած ու տարածած ընկերության տնօրինությունը, գտնվում են կալանքի տակ: Դատարանը փորձում է պարզել` այս անձինք իրազեկված են եղել արդյոք խմիչքների կասկածելի ծագումնաբանության մասին, և ով է պատասխանատու թունավորման համար:
Սպիրտը գնած ընկերության ղեկավարը դատարանում նշել է, որ իր ընկերությունը ողբերգությունից երեք ամիս առաջ է ստացել աշխատելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, իսկ «չարաբաստիկ» վիսկիներով արկղերը, մինչ նավի վրա հայտնվելը, ստուգվել են հարկային մարմնի աշխատակիցների կողմից:
Նույն ընկերության` փաստաթղթերով որպես գործադիր տնօրեն ձևակերպված մեղադրյալը հրաժարվել է նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից` ասելով, որ դրանք արել է տնօրինության ճնշումների ներքո:
Հաջորդ լսումները կանցկացվեն մայիսի 2-ին: Դատարանը կլսի մահացածների ու տուժածների հարազատներին:
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսի վերջին ավելի քան 20 ռուս զբոսաշրջիկ թուրքական Բոդրումում նավով զբոսանքի ժամանակ թունավորվել էին կեղծ ալկոհոլից: Նրանցից չորսը մահացել էին Թուրքիայի հիվանդանոցներում, իսկ մեկը` մոսկովյան կլինիկաներից մեկում:









