Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը հերքում է իր կապը գովազդային պաստառների հետ
Armenian Comedy Awards-2012 համերգային միջոցառումը որևէ կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի հետ, և կատարվածը թյուրիմացություն է, այս մասին Tert.am –ին հայտեցին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմից:
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմից հայտնեցին, որ թյուրիմացութունը տեղի է ունեցել համերգի կազմակերպիչների մեղքով և իրենք արդեն պահանջել են հանել գովազդային պաստառները, սակայն տեղեկություն չունեն, թե որքանով են հանվել բոլոր պաստառները:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակի» հոդված էր հրապարակել, ըստ որի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են Armenian Comedy Awards-2012 կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որի վրա կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով, պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը:
Ըստ հոդվածի՝ այն, որ «Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունն արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ոուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել»:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմից նշեցին նաև, որ համացանցում նույնաբովանդակ պաստառներ էլ են եղել, որոնք իրենց պահանջով հանվել են:









