Աբովյան-Իսահակյան գետնանցումի կրպակատերերն ահազանգում են հնարավոր ապամոնտաժման մասին
Աբովյան-Իսահակյան գետնանցումում աշխատող կրպակատերերն անհանգստացած են այն բանից հետո, երբ տեղեկացվել են, որ քիչ հետո ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինների (ՕՄՈՆ) ուղեկցությամբ տարածք կժամանեն Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները և կապամոնտաժեն կրպակները, այս մասին Tert.am–ին հայտնեց տարածքում գործող «Հրաշք Ջին» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանը:
Նշենք, որ կրպակատերերի և Երևանի քաղաքապետարանի միջև վիճահարույց հարցերը տեղափոխվել են դատարաններ՝ Վարչականից մինչև ընդհանուր իրավասության, և գործերից մեկով մարտի 15-ին սպասվում է դատավճիռ: Սակայն, ըստ կրպակատերերի, քաղաքապետարանը, չսպասելով որոշմանը, այսօր ուզում է ազատել տալ տարածքը:
Առավոտից կրպակատերերը SOS ազդանշանով դիմել են տարբեր սոցիալական ցանցերի, լրագրողների և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներին, և անհամբեր սպասում են նրանց գալուն:
«Հրաշք Ջին» ընկերության տնօրենի տեղեկացմամբ՝ կրպակատերերի ու Երևանի քաղաքապետարանի հարաբերությունները սրվել են 2010-ից, երբ կրպակատերերը չեն համաձայնել քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի, տարածքը պետք է տրամադրվի «Գրեյթ Վիկտորիա» ընկերությանը: Կրպակատերերից 10-ը համաձայնել են վերցնել մեկ քառակուսի մետրի համար առաջարկվող 140 000 դրամ փոխհատուցումը, սակայն 6-ը՝ ոչ:
«Կոպեկներ են տալիս, մի ինքնաթիռի տոմս»,- մեկնաբանեց Գևորգ Մանուկյանը՝ ավելացնելով, որ «Գրեյթ Վիկտորիա» ընկերության հետևում կանգնած է ոմն Կարեն Բաղդասարով:
«Հրաշք Ջին » ընկերության սեփանակատերը ևս դատարան դիմած կրպակատերերից է:
«Ամսի 15-ին կլինի դատավճիռ, խայտառակ դատավճիռ ու էնպիսի բաներ կասվեն, որ շատերը խայտառակ կլինեն, ամեն ինչի հետ կապված: Բա ի՞նչ է նշանակում՝ մենք 13 տարի օրինական մուծել ենք վարձավճարները, հիմա քաղաքապետարանն ասում է՝ անօրինական եք մուծել»,- ասաց ընկերության տնօրենը:
Քաղաքապետարան մամուլի ծառայությունից խոստացան պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ։









