Հայաստանում 2011թ-ին բռնությունների ավելի շատ դեպքեր են արձանագրել, քան 2010-ին
2011-ի ընթացքում «Կանանց իրավունքների կենտրոնը» Հայաստանում տեղի ուենցած ընտանեկան բռնությունների ավելի շատ դեպքեր է արձանագրել, քան 2010-ին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Կանանց իրավունքների կենտրոնի» մասնագետ Դիանա Սարգսյանն ասաց, որ կենտրոնում ընտանեկան բռնության ենթարկված կանաց համար շուրջօրգա գործող անվճար թեժ գծից ստացված տվայլներով՝ 2011թ-ին ստացվել է 2032 զանգ, որից 1678-ն ընտանեկան բռնության վերաբերյալ:
Նրանցից 537-ն առաջին անգամ են զանգահարել թեժ գիծ, իսկ 1141-ի դեպքում դրանք արդեն կրկնվել են: 1678 զանգից 1042-ը եղել են հոգեբանական բնույթի բռնության վերաբերյալ, 612-ը՝ ֆիզիկական և 24-ը՝ սեռական:
Դիանա Սարգսյանը ներկայացրեց նաև «Երևանի ճգնաժամային կենտրոնից» ստացված տվայլները: Ըստ այդմ՝ գրանցվել է 1325 այց, որոնցից 459-ը առաջին անգամ են կատարվել, 866-ը եղել են կրկնվող: 459 առաջնային այցերից 288-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 160-ը՝ ֆիզիկական և 11-ը՝ սեռական:
Նա նաև տեղեկացրեց, որ ի տարբերություն 2010թ-ի, իրենց գրանցած դեպքերի թիվն աճել է:
«Աճը կապված է ոչ թե այն բանի հետ, որ դեպքերը շատացել են, այլ որ մարդիկ սկսել են ահազանգել, բարձրաձայնել: Մեծացել է իրազեկվածությունը: Եթե նախկինում մեր կանայք չգիտեին, թե ուր դիմեն այժմ նրանցից շատերը գիտեն մեր կենտրոնի մասին: Նրանք ավելի ռիսկային (նկատի ունի համարձակ– Tert.am) են դարձել և նախընտրում են խոսել, քան լուռ կրել բռնությունները»,- ասաց նա:
Կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը, վկայակոչելով սեփական փորձը, տեղեկացրեց, որ հայ կանայք իրենց դիմում են այն ժամանակ, երբ «դանակը հասնում է ոսկորին»:
«Նրանք լինում են տարբեր հոգեվիճակներում և տարբեր փուլերում: Իհարկե նրանք չեն դիմում այն ժամանակ, երբ, օրինակ, ամուսինը որևէ բան թույլ չի տալիս և սահմանափակում է նրա իրավունքները: Դիմում են, երբ տանը գտնվելը իրենց համար վտանգավոր է: Հիմնականում ունենում են թերարժեքության խնդիր: Մենք՝ հոգեբաններս առաջին հերթին հենց այն վերացնելու ուղղությամբ ենք աշխատանքներ տանում»,- ասաց հոգեբանը։
Հարցին, թե արդյոք այն, որ հայ կինը երկար ժամանակ դիմանում է ընտանեկան բռնություններին, հայկական հոգեկերտվածքի խնդիր չէ, հոգեբանը պատասխանեց. «Պետք չէ ազգայանացնել, քանի որ նմանատիպ պատմություններ կան գրեթե բոլոր երկրներում՝ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում: Կապված չէ սոցիալական խնդիրներով, որովհետև սոցիալապես ապահովված ընտանիքներում էլ են բռնությունների ենթարկվում կանայք: Բայց հայ կինը ավելի ավանդապաշտ է և շատ է գնահատում իր ընտանիքի ամբողջականությունը: Պատրաստ է դիմանալու խոշտանգումների»,- բացատրեց հոգեբան Աննա Հակոբյանը:









