Facebook-ը ֆիլտրում է Թուրքիայի համար «անընդունելի բովանդակությամբ» նյութերը

12:13 • 06.03.12

«Վերջերս ամերիկյան oDesk ընկերության նախկին աշխատակցի կողմից գաղտնազերծված փաստաթուղթն այն մասին է վկայում, որ Facebook սոցիալական ցանցը ոչ միայն գրաքննություն է իրականացնում սեքսի նկարագրություն պարունակող, բռնություն և ատելություն հրահրող նյութերի նկատմամբ, այլև «հատուկ կանոններ է» կիրառում Թուրքիայի համար «անընդունելի բովանդակությամբ» նյութերի առնչությամբ»,-գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly պարբերականը:

oDesk-ի նախկին աշխատակցի կողմից գաղտնազերծված ձեռնարկում (17 էջից է բաղկացած) այն մասին է խոսվում, որ նման «վերահսկողություն» իրականացվում է հատկապես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր), քրդերի և Աբդուլլահ Օջալանի (Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Օջալանը Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտված) մասին տեղեկությունների առնչությամբ:

«Որևէ այլ երկիր նման գրաքննական առավելություններ չունի»,-նշվում է ձեռնարկում:

Պարբերկանն ընդգծում է, որ այդ փաստաթուղթն առաջացրել է սոցցանցերի օգտատերի զայրույթը: «Եվրամիությունը Թուրքիային քննադատում է խոսքի ազատության սահմանափակման համար, մինչդեռ Facebook –ն օգնում է Թուրքիային արգելափակել «քրդական բովանդակությամբ» նյութերը, ի՞նչ կասես այդ մասին Եվրամիություն»,- հարցնում է Twitter միկրոբլոգների կայքի օգտատերերից մեկը:

«Facebook-ն աջակցում է Թուրքիայի ֆաշիստական պետությանը և արգելափակում է այն, ինչը վերաբերում է քրդերին և Քրդստանին, Facebook-ը Fascistbook- է (Ֆաշիստբուք)»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Twiiter միկրոբլոգների կայքի մեկ այլ օգտատեր էլ  բողոքում է, որ գրաքննվում է Օջալանի վերաբերյալ  տեղեկությունների բովանդակությունը. «Միակ մարդը, որի նկարներն արգելված են Facebook –ում Օջալանն է»:

 «Ցուկերբերգն իր հոգին սատանային է վաճառել և այժմ աջակցում է քրդերի նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին»,- գրում է մեկ ուրիշը:

 Քրդական Ekurd.net կայքում հրապարկվել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ուղղված բաց նամակը,  որում էթնիկ քուրդ Հավար Ջամալ Ամինն իր դժգոհությունն է հայտնում Facebook-ի քաղաքականության վերաբերյալ: Նա գրում է, որ սոցցանցն անտեսում է Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ իրականացվող հետապնդումները, մարդու հիմնարար իրավունքների ոտնհարումը, հայերի և քրդերի նկատմամբ Աթաթուրքի իրականացրած վայրագությունները և այլն:

«Որպես քուրդ, ես Ձեզ չեմ խնդրում պաշտպանել Քրդական անկախ պետությունը (Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար), կամ թույլ տալ, որ ռասիստական արտահայտություններ արվեն Թուրքիայի, կամ նրա ժողովրդի հասցեին. ձեր քաղաքականությունը, սակայն, մեծապես իր վրա է կրում այն թուրքերի ազդեցությունը, որոնք քարոզում են նացիոնալիզմ և էթնիկ քուրդ փոքրամասնության նկատմամբ ճնշումներ»,-ասված է նամակում:

 

Facebook-ը ֆիլտրում է Թուրքիայի համար «անընդունելի բովանդակությամբ» նյութերը