Ռուսաստանը Չինաստանին կվաճառի 48 հատ «ՍՈւ-35» կործանիչներ. մամուլ

10:42 • 06.03.12

Ռուսաստանն ու Չինաստանը գրեթե համաձայնության են եկել վերջին տասնամյակում պաշտպանական ոլորտում ամենախոշոր պայմանագրի կնքման հարցում, որի համաձայն` Ռուսաստանը Չինաստանին կվաճառի 48 բազմաֆունկցիոնալ «ՍՈւ-35» տիպի կործանիչեր:

Ինչպես գրել է «Կոմերսանտ»-ը, այս հարցում Մոսկվան մեկ սկզբունքային հարց է առաջ քաշել` Պեկինը պետք է հրաժարվի ռուսական ինքնաթիռների պատճենման պրակտիկայից:

«Սա իսկապես կարևոր պայման է»,- ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության աղբյուրը:

Նրա խոսքով` պայմանագրի արժեքը կկազմի մոտ 4 մլրդ դոլար (մեկ օդանավի համար մոտ 85 մլն դոլար), սակայն «գինը բանակցությունների ժամանակ կարող է փոփոխվել»:

Այս լուրերը թերթին հաստատել է նաև միջկառավարական հանձնաժողովի չինական կողմին մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ հրատարակության, եթե պայմանագիրը կնքվի, ապա այն կդառնա խոշորագույն գործարքը ռուս-չինական ռազմատեխնիկական համագործակցության վերջին տարիների պատմության մեջ:

«ՍՈւ-35»-ը 4++ սերնդի մեծ հեռահար գործողության շառավղով կործանիչներ են, որոնք ունակ են զարգացնել ժամում մինչև 2.500 կմ արագություն, թռիչքի 3.400 կմ հեռահարություն, իսկ մարտական շառավիղը մոտ 1.600 կմ է: