Բեռլինն արձագանքել է Լուկաշենկոյի` երկրի ԱԳ նախարարին «երկնագույն» որակելուն

10:12 • 06.03.12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունները, որոնցով նա վիրավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեսթերվելեին, հերթական անգամ ցուցադրում են նրա վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ և խոսում այն մասին, որ նա իրեն բռնապետ է համարում, հայտնել են գերմանական կառավարությունից:

Լուկաշենկոն, մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների` իրեն ուղղված կշտամբանքները, ինչպես նաև պաշտոնական Մինսկի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի կիրառումը, հայտարարել էր, որ «ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն»` նկատի ունենալով Գերմանիայի ԱԳ նախարարին:

«Նա, չես հասկանում վարդագույն է, թե երկնագույն, այնտեղ (ԵՄ ԱԳ նախարարների նիստում) դիկտատուրայի մասին էր բղավում…. Լսելով դա` ես մտածեցի` ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն: Դե Աստված իր հետ»,- ասել էր նա:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը բավականին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին` ասելով, որ Վեսթերվելեի հասցեին հնչած անձնական վիրավորանքը վկայում է բելառուս նախագահի` մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի մասին:

Ինքը`գերմանացի նախարարը, շատ հանգիստ է արձագանքել դրանց:

«Այս հայտարարություններից հետո ես նույնիսկ մեկ միլիմետր չեմ զիջի իր դիրքերը Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության և ժողովրդավարության հաստատման համար պայքարում», - ասել է նա: