ՀՀԿ համագումարը ոչ մի արտառոց բան չի խոստանում. ՀՀԿ պատգամավոր
Ներքաղաքական նոր զարգացումներ և նորություններ քաղաքական դաշտում այս փուլում ամեն դեպքում չեն սպասվում: Այսպես է կարծում ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս պահին բոլոր կուսակցությունները զբաղված են ընտրացուցակներով: «Արդեն եղան համագումարներ, բոլորն այժմ զբաղված են ընտրացուցակներով, հետո կլինի առաջադրում, ընտրարշավ»,-իր տեսակետը պարզաբանեց նա:
Իսկ թե ի՞նչ սպասել ՀՀԿ-ի համագումարից, կլինե՞ն արդյոք անակնկալներ հարցին, պատգամավորը նշեց, որ ոչ մի արտառոց բան չի լինի: «Համագումարում կընտրվի բարձրագույն մարմին, կճշտվի ընտրացուցակը: Մեկ բան կարող եմ ասել միայն, ինչի մասին արդեն հայտարարվել է, որ ցուցակում չեն ընդգրկվի գործարարներ»:
Խոսելով վերջին քաղաքական միավորումների` մասնավորապես ՄԻԱԿ-ի՝ ՀՀԿ-ին և ՄԱԿ-ի՝ ԲՀԿ-ին միացման մասին, Հակոբ Հակոբյանն ասաց, որ նախ զարմանալի է, որ այդ թեման այդքան ուշադրության է արժանացել, այնինչ, երբ ՀԱԿ-ին միացան 21 կուսակցություններ, դա այսպես չքննարկվեց:









