Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, այսօր կեսօրից անց մեկնարկեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամայանի գործով հերթական դատական նիստը, որը սակայն սկելուն պես հետաձգվեց:
Բանն այն է, որ այսօր դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Արամ Խանդայանը, և ամբաստանյալը խնդրեց, որպեսզի նոր պաշտպան ունենա: Արմեն Պողոսյանը, ով մինչ քրեական գործով որպես մեղադրյալ անցնելը, աշխատել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում որպես օպեր գծով բաժնի պետի տեղակալ, հանդես եկավ միջնորդությամբ և խնդրեց դատական նիստը հետաձգել:
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսրքի 308 հոդվածի 1 և 2-րդ մասերով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների:
Հովհաննես Թամամյանը նախաքննության ընթացքում ոչինչ չի խոսել, և նշել է , որ ոչինչ չի էլ ասելու։
Լրագրողներն այսօր Թամամյանին ասացին, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ասել է, որ իր «գլխին Ալիկ Սարգսյանն է սարքել», որին ի պատասխան Թամամյանն ասաց. «Մարգար Օհանյանը նման բան չէր կարող ասել»:









