Անհրաժեշտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն ավանդական ձևաչափով. Իսկանդարյան
Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունն ԱՊՀ երկրների, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ, դժվար թե փոխվի, քանի որ որոշումներ կայացնող կաբինետը գրեթե չի փոփոխվել: Այսօր անցկացված Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ժամանակ, «Ռուսաստանն ու ԱՊՀ-ն. հարաբերությունների նոր սցենա՞ր» թեմայի քննարկմանը նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր երկիր է, և անհրաժեշտ է, որպեսզի հարաբերությունները պահպանվեն ավանդական ձևաչափով»,- ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է այն հարցում, որ Ռուսաստանի ներքին քաղաքականությունը, որպես Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական գործընկերոջ, կայուն և կանխատեսելի լինի, իսկ արտաքին քաղաքականությունը մնա ավանդական ձևաչափով:
Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, հայտնել է, որ ինքը նույնպես փոփոխություններ չի ակնկալում:
«Առաջնորդությունը փոխվել է, իսկ բովանդակությունը մնացել նույնը»,- ասել է Մարկարովը` ընդգծելով, որ Մեդվեդևի ու Պուտինի տարբերությունը միայն առաջնորդության ոճի մեջ է:
Ըստ նրա` մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ամենից առաջ, կուղղվի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, իսկ երկկողմ հարաբերությունները կզարգանան ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում:
Մարկարովի կարծիքով` Ռուսաստանի վարած քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կորոշվի ոչ միայն երկրների հետ երկկողմ հարաբերությունների, այլև բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության շրջանակներում:









