Աբովյան–Իսահակյան գետնանցումի կրպակների ապամոնտաժումը հետաձգվում է մեկ օրով
Քիչ առաջ մի քանի տասնյակ ոստիկանների հետ Աբովյան-Իսահակյան գետնանցում այցելած Կենտրոն վարչական համայնքի աշխատակիցները որպես «բարի կամքի դրսևորում» մեկ օրով հետաձգեցին տարածքում գտնվող մի քանի ընկերությունների կրպակների ապամոնտաժումը:
Հիշեցնենք, որ առավոտյան Աբովյան-Իսահակյան գետնանցումում գործող ձեռնարկատերերը սոցիալական կայքերով ու լրատվամիջոցներով ահազանգ էին բարձրացրել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է նաև ուժային մեթոդներով ազատել տարածքը՝ առանց սպասելու խնդրի շուրջ սպասվող դատական որոշումներին։
Իսահակյանի գետնանցումում գտնվող «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ով ոչ իրավաչափ համարեց Երևանի քաղաքապետի մեկ տարի առաջվա որոշումը, «Կենտրոն» վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Գրիգոր Առաքելյանից պահանջեց դադարեցնել գործողությունները, մինչև որ ինքն ու կրպակատերերը հանդիպեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Մինչ կողմերը համաձայնության կգային, Կենտրոն վարչական շրջանի իրավաբանը, ասելով, որ առաջնորդվում են Երևանի քաղաքապետի՝ Երևան Իսահակյան 22/8 հասցեում գտնվող գետնանցումի մասին որոշմամամբ, ընթերցեց որոշումը:
Այնուհետև կողմերը վիճեցին քաղաքապետի որոշման օրինականության շուրջ: Գրիգոր Առաքելյանը նշում էր, որ ակտը ոչ իրավաչափ է ճանչվում միայն դատարանի կողմից, և այս պահին իրավաբանորեն ուժի մեջ մտած դատական ակտ չկա, իսկ որոշումն էլ «իրավաչափ վարչական ակտ» է և կայացվել է ՀՀ–ում գործող բոլոր օրենքների պահանջներին համապատասխան: Ավելին, ըստ իրավաբանի, դատարանը մերժել է «Հրաշք Ջին» ՍՊԸ-ի տնօրենի հայցը, որով պահանջել էին քաղաքապետի վճիռն անվավեր ճանաչել։
«Հրաշք Ջին» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանն էլ նշեց, որ մարտի 15-ին կլինի իր պայմանագրի օրինաչափությունը վիճարկող հայցով վճիռ:
Նշենք, որ բացի կրպակատերերից տարածքում գործում է հիմնական շինություն համարվող «Երիտասարդական» սրճարանը։ Այն շահագործում էր «Հ. Հարությունյան» ընկերությունը, որը մինչև 2012 –ը վարձակալության պայմանագիր ուներ քաղաքապետարանի հետ, սակայն երկու տարի առաջ տեղեկացել է, որ 2010 թ. մայիսից տարածքը վաճառվել է «Գրեյթ Վիկտորիա» ընկերությանը:
1985–ից այս տարածքում աշխատող Ռոզա Ավթանդիլյանն այժմ հայտնվել է առանց փոխհատուցման վտարվելու վտանգի առաջ: «Կարելի է ասել՝ այս անցումի հիմնադիրներից եմ, վատ տարիներին սրճարանը մոմի լույսի տակ պահել-պահպանել եմ, առանց ամուսին, երեխա մեծացրել: Հիմա («Գրեյթ») «Վիկտորիան» ասում է՝ ես սեփականատեր եմ, դու անելիք չունես : Կամ գայիր՝ մասնակցեիր աճուրդին»,– ասաց նա։
Ռոզա Ավթանդիլյանը նշեց, որ այնպես չի, որ ինքն ամեն օր թերթ է կարդում, որպեսզի տեղեկացված լիներ աճուրդի մասին, հատկապես, որ եթե իր «պայմանագիրն ուժի մեջ է եղել»: Ըստ նրա, սակայն ամենակարևորն այն է, որ աճուրդն անցկացվել է ոչ թե Աբովյան 35/1, այլ Իսահակյան 22/8 հասցեով, այսինքն նա չէր կարող գլխի ընկնել, որ խոսքն իրենց հասցեի մասին է:
«Եթե ես կարդայի էլ՝ չէի իմանա, որ մեր հասցեն է: Դե հիմա թող վտարեն, ինքնաթիռի տոմս տան ու ուղարկեն այնտեղ, որտեղ մարդկանց հացի հնարավորություն են տալիս»,- ասաց սրճարանի վարձակալուհին:
Նվերների փաթեթավորմամբ զբաղվող կրպակի մի աշխատակցուհի իր հերթին նկատեց.«Հեռուստատեսությամբ ամբողջ օրը արտագաղթի մասին են խոսում, բայց ամեն ինչ անում են, որ մարդիկ հեռանան Հայաստանից : Մենակ մեր կրպակատերերից, ում որ վտարել են, շատ մարդիկ արդեն դրսում են»:









