Արևելյան Լիբիան կարող է ինքնավար դառնալ
Լիբիայի արևելյան շրջանի` Կիրենաիկայի քաղաքական ակտիվիստները, ցեղերի առաջնորդներն ու զինված անկանոն ստորաբաժանումների հրամանատարները Բենգազիում հրավիրված նիստում հայտարարել են կենտրոնական իշխանություններից անկախ` տարածաշրջանային իշխանությունների խորհուրդ ստեղծելու մասին, որի առաջնորդը կլինի նախկին թագավոր Իդրիսի բարեկամը` Ահմեդ ալ Սենուսին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, դիտորդները կարծիք են հայտնել, որ սա առաջին քայլն է Կիրենաիկայի ինքնավարության ստեղծման ճանապարհին:
Հենց այս շրջանում է գտնվում լիբիական նավթահանքերի մեծ մասը: Հենց այստեղ նախորդ տարվա փետրվարին սկսվեց Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալմանը հանգեցրած ապստամբությունը:
Լիբիայում իշխանության ղեկին գտնվող Ազգային անցումային խորհուրդը դեմ է արտահայտվել Կիրենաիկայի ինքնավարությանը, քանի որ վտանգ են տեսնում, որ անկայունության պայմաններում Լիբիային սպառնում է փլուզում հաշված ժամերի ընթացքում:









