LulzSec-ի հաքերներ են ձերբակալվել
Հաքերական LulzSec խմբավորման ղեկավար գործիչներ են ձերբակալվել, և առաջիկայում նրանց մեղադրանքներ կներկայացվեն Նյու-Յորքում: Այս մասին հայտնում է Washington Post-ը` վկայակոչելով իրավապահների իր աղբյուրը:
Հայտնի է 5 ձերբակալվածի մասին: Նրանց ներկայացված մեղադրանքները չեն մանրամասնվում: Այդ մասին հայտնի կդառնա առաջիկա երեքշաբթի օրը դատարանում:
LulzSec-ի ամբողջական անվանումն է Lulz Security: Այս խմբավորումը բազմիցս պատասխանատվություն է ստանձնել ԱՄՆ իրավապահ մարմինների և կառավարական կառույցների համակարգիչների վրա իրականացրած կիբեռհարձակումների համար: LulzSec-ը համարվում է հայտնի Anonymous հաքերական խմբի ճյուղը:
Խմբավորումը հայտնի էր դարձել անցած մայիս, երբ հարձակվել էր PBS հեռարձակողի կայքի վրա և նյութ տեղադրել այն մասին, թե սպանված ռեփեր Թուփաք Շակուրը ողջ է և ապրում է Նոր Զելանդիայում:
LulzSec-ի որոշ անդամներ արդեն իսկ ձերբակալվել են Բրիտանիայում և այլուր:










