Ռուսական ընդդիմությունը հրաժարվել է հանրահավաքներից

09:53 • 06.03.12

Ռուսաստանի ընդդիմությունը հրաժարվել է Մոսկվայում մարտի 8-9-ին ծրագրված հանրահավաքներից` չկարողանալով քաղաքապետարանի հետ համաձայնության գալ դրանց անցկացման վայրի հարցում:

«Քաղաքապետարանը չհամաձայնեց թույլատրել մեզ հանրահավաք անցկացնել Արբատի հրապարակում` առաջարկելով այլ տարբերակներ, որոնք էլ մեզ չգոհացրեցին», - ասել է ակցիաների կազմակերպիչներից Սերգեյ Ուդալցովը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա նշել է, որ արդյունքում «Հանուն արդար ընտրությունների» կազմկոմիտեի երեկվա նիստում որոշում է ընդունվել հրաժարվել հանրահավաքների անցկացումից և կենտրոնանալ մարտի 10-ին ծրագրված երթի կազմակերպման վրա:

Փետրվարի վերջին ընդդիմության ներկայացուցիչները դիմել էին քաղաքապետարան` Մոսկվայի Արբատի հրապարակում մարտի 8-9-ին հանրահավաքներ անցկացնելու հարցով, սակայն քաղաքապետարանը դրանց անցկացման համար առաջարկել էր Բոլոտնայա հրապարակը կամ այլ վայրեր: