Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում:
Ըստ կառավարության հաղորդագրության՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի ուղեկցությամբ ծանոթացել է համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին՝ միտված համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլ) տրամադրումը:
Վերացվել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Այսուհետ, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն են ստանում դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց:
Համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին:
Ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից: Վերացվել է նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:









