Պենտագոնի պատվերով ստեղծված չորքոտանի ռոբոտը կարող է ժամում 29 կմ անցնել
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության պատվերով ստեղծված չորքոտանի ռոբոտը երեկ արագության ռեկորդ է գրանցել` ժամում անցնելով 29 կմ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Բոստոն դայնեմիքս» ընկերությաան աշխատանքային խմբի ղեկավար Ալֆրեդ Ռիցին, «Չիտա» անվանակոչված ռոբոտը «կարող է ավելին անել»:
«Մենք կառուցել ենք «վազքուղի», որի վրա կարելի է ցույց տալ նույնիսկ ժամում 80 կմ արդյունք: Ծրագրում ենք որքան հնարավոր է արագ լաբորատոր փորձարկումներից անցում կատարել դաշտային փորձարկումների: Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպիսին են արագաշարժ ռոբոտների իրական հնարավորությունները», - ասել է նա:
Այս նախագիծը ֆինանսավորել է Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների ծրագրերի վարչությունը: Ենթադրվում է, որ «Չիտան» մարտի դաշտում կկատարի տարբեր խնդիրներ, այդ թվում` կհետապնդի թշնամուն և կօգնի վիրավորների: Այս ռոբոտը կարելի է օգտագործել դժբախտ պատահարների ժամանակ` տուժածներին փրկելու համար:
«Բոստոն դայնեմիքս»-ն աշխատում է այլ պատվերի` «երկաթյա էշ» ստեղծելու վրա, որով ծրագրվում է համալրել բանակային ստորաբաժանումները և ծովային հետևակը:










