ՀԱԿ-ից դուրս են գալիս միանալու Սարդարապատի՞ն

14:49 • 06.03.12

ՀԱԿ-ի քաղխորհրդում «Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողներին պարզաբանեց, թե ինչու են ՀԱԿ 18 ուժերից 4-ը հրաժարվել ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում:

Ըստ նրա՝ դուրս գալու պատճառի 90%-ը վերաբերում էր ՀԱԿ-ի ռազմավարությանն ու մարտավարությանը , իսկ մնացածի պատճառն արդեն համամասնական ցուցակն էր: «3,5 տարի իբրև հայ կամավորների ազգային ներկայացուցիչ անդամակցել եմ ՀԱԿ-ին, արդեն մի քանի օր է չեմ անդամակցում»,- հայտարարեց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի հրաժարվում Կոնգրեսի որդեգրած համաժողովրդական պայքարից:

«Մարտի 1-ից հետո ինձ բացարձակապես չի բավարարել Կոնգրեսի աշխատանքները»,-ասաց նա և բացատրեց, թե Կոնգրեսի քաղխորհրդի նիստերը այս շրջանում անցել են շատ բուռն, անդամներն ակտիվ առաջարկություններ են արել, սակայն քչերն են համապատասխան ուշադրության արժանացել: «Մենք համոզված ենք, որ Կոնգրեսի հռչակագիրը, որ ընդունվել էր, հնարավոր կլիներ իրականացնել: Մինչդեռ Կոնգրեսը ժողովրդի մեջ եղած տրամադրությունները արատահայտվող կտրուկ դիրքերից հանդես չեկավ: Թե չէ հռչակագրում եղած գերխնդիրը և մյուսներն իրականացրած կլիենինք»,-ասաց նա:

«Վերջին 35-40 օրերի ընթացքում բուռն քննարկումներ են եղել, թե՛ ռազմավարության և թե՛ նաև կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման սկզբունքի հետ: Մեր մտքերի շուրջ, թե՛ ռազմավարության, թե՛ ցուցակի հետ կապված, 13 ուժերով եկել էինք փոխհամաձայնեցված տարբերակի, մինչդեռ ցավոք ՀՀՇ-ի և նրան աջակցող 4 ուժերի կողմից վիժեցվեց»,- ասաց նա և հստակեցրեց, որ 13 ուժերի առաջարկը եղել է համամասնական ցուցակի առաջատար տասնյակը կազմել «6 կուսակցականներ և 4 անկուսակցական արժանավորներ» սկզբունքով, որը մերժվել է: 

Բացի այդ, նրա խոսքերով մարտի մեկի հանրահավաքին ինքը կարևոր անակնակալ էր առաջարկել՝ կոչ անելով հանրահավաքը դարձնել շուրջօրյա, նույնիսկ հացադուլ հայտարարել, որը նույնպես քաղխորհուրդը մերժել է:
Ի դեպ, Սամվել Հարությունյանը չհերքեց, որ հնարավոր է իր պայքարը շարունակի «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հետ:

ՀՀՇ–ին աջակցություն հայտնած ուժերը, ըստ Հարությունյանի հետևյալներն են. «Հայաստանի Սոցիալ–Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն», «Հայաստանի լիբերալ կուսակցություն», «Հանրապետություն» կուսակցությունը և «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»։

ՀԱԿ–ի հետ նախընտրական դաշինք չկազմած 4 կուսակցություններն են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը։

Այսօր հրավիրված ասուլիսն էր եկել նաև Հայաստանի առաջին նահատակ Էդիկ Տոռոզյան մայրը, ում բոլորը գիտեն որպես Փառանձեմ մայրիկ: