Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն իրեն պարտք է 70.000 դոլար

18:38 • 06.03.12

Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Ազգային Ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգմավոր Վարդան Այվազյանն իրեն պարտք է Պաշտունի Ջրկապանք անվանումն ունեցող հանքի չկայացած գործարքի արդյունքում:

Tert.am –ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նաև ասաց, որ ինքը ժամանակին այդ հանքը (դրա շահագործման լիցենզիան ունեցող ՍՊԸ-ն) գնել է Վարդան Այվազյանից, սակայն հետո հայտնաբերելով, որ հանքի վերաբերյալ նշված կոորդինատները և հանքի աշխարհագրական տեղը չեն համապատասխանում, հետ է վերադարձրել ընկերությունը: Իսկ Վարդան Այվազյանը դրա դիմաց վճարած 500.000 ԱՄՆ դոլարից 70 000-ը պարտք է մնացել ու մինչ օրս չի վերադարձրել:
Նշենք,որ Պաշտունի ոսկու հանքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Քաջարանից Մեղրի տանող ճանապարհին:

Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում ևս կրկնեց իր պնդումները՝ ասելով. «Ասում էր՝«գնամ Վրաստան գամ, պարտքդ տամ, գնամ Չինաստան գամ, պարտքդ տամ»: Ու այդ մասին շատերը գիտեն, որովհետև միջնորդներ էր մեջտեղ գցում, ու իրեն շատ մարդիկ են ասել՝«տո՛ւր Սիլվայի պարտքը, վերջացրո՛ւ»:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց պնդումները, թե ինքը պարտք է գործարար տիկնոջը։ Ավելի վաղ մամուլում դժվար հիշելով, թե ով է Սիլվա Համբարձումյանը, հավելել էր, թե «կնոջ բազար ա»:

Անդրադառնալով Այվազյանի՝ «կնոջ բազար ա» ձևակերպմանը, Սիլվա Համբարձումյանն ասաց, որ «կնոջ բազար» անում է Վարդան Այվազյանը, «որ գնում կազինոյում է խաղում»:

Tert.am –ը կրկին փորձեց մեկնաբանություն վերցնել Վարդան Այվազյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: