Կայացել է վերջին 20 տարում առաջին միջազգային կոմերցիոն չվերթը Սոմալի

16:03 • 06.03.12

Turkish Airlines ընկերության օդանավը, որում գտնվել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, վայրէջք է կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, այս չվերթը վերջին 20 տարվա ընթացքում առաջին կոմերցիոն թռիչքն է Սոմալի:

Somaliland Sun-ի տեղեկությունների համաձայն` թուրքական պատվիրակությունը երկիր է այցելել Թուրքիայի կառավարության մասնակցությամբ իրականացված մի շարք նախագծերի բացմանը մասնակցելու նպատակով: Բացի այդ, Բեքիր Բոզդաղը բանակցություններ կվարի Սոմալիի պաշտոնատար անձանց հետ: Թուրքիայի կառավարության տվյալներով` անցյալ տարի Անկարան 365 մլն դոլարի օգնություն է տրամադրել աֆրիկյան այս երկրին:

Մինչ այս թռիչքը, Մոգադիշո թռչել են միայն աֆրիկյան ավիաընկերությունների օդանավերը` հարևան երկրներից: Turkish Airlines-ը մտադիր է Սոմալի չվերթ իրականացնել շաբաթական երկու անգամ:

Սոմալին չունի կենտրոնական կառավարություն. 1990-ական թվականների սկզբին քաղաքացիական պատերազմից հետո, այն հսկում են մոտ տասնյակ` միմյանց հետ պատերազմող խմբավորումներ: