Հոմսում հետախուզական ինքնաթիռ է հայտնաբերվել

19:51 • 06.03.12

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքում հետախուզական ինքնաթիռ են գտել, որն ամենայն հավանականությամբ իսրայելական արտադրության է, հաղորդում է France Press գործակալությունը` հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին:

«Պատկան մարմինները Բաբա Ամր թաղամասի ռազմական գործարանում հետախուզական ինքնաթիռ են հայտնաբերել, որը համապատասխանում է Իսրայելի կողմից օգտագործվող ինքնաթիռներին: Հայտնաբերվել են նաև տեսահսկման տեսախցիկներ, հակատանկային նռնականետեր և այլ զինամթերք, ինչպես նաև կրակի կառավարման համակարգեր», - ասվում հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությանը հավատարիմ ուժերը փետրվարի 29-ին կարողացան ամբողջությամբ հսկողության տակ վերցնել Հոմս քաղաքի` հակակառավարական ուժերի պատվար համարվող Բաբա Ամր թաղամասը: Հենց այս թաղամասում հրետակոծության ժամանակ զոհվեցին արևմտյան երկու լրագրողներ` ամերիկուհի Մերի Քոլվինն ու Ֆրանսիայի քաղաքացի Ռեմի Օշլիքը:

Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև բախումները: ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալի համաձայն` այս ընթացքում զոհվել է ավելի քան 7.500 մարդ: