ԱՄՆ իշխանություններին արտերկրում ապրող «վատ» համերկրացիներին ոչնչացնելու իրավունք է տրվել
Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններն այսուհետ իրավունք ունեն ազգային անվտանգությանը սպառնացող և այլ երկրներում ապրող իրենց հայրենակիցների ոչնչացման գործողություններ իրականացնել:
Ըստ նախարարի` դա վերաբերում է հատկապես «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցողներին:
Այս առումով ռուս դատապաշտպան Պաթիմաթ Խակիմովան vz.ru գործակալությանը հայտնել է, որ որոշումն իր հիմքում ոչ մի օրենսդրական բազա չունի:
«Եվ երկրորդ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն`արգելված է որևէ մեկին ոչնչացնել առանց հետաքննության ու դատավճիռների», - ասել է միջազգային իրավունքի գծով մասնագիտացող Խակիմովան:
Ըստ նրա` նման օպերացիաներ անցկացնելու համար նաև պետք է համապատասխան միջազգային պայմանագրեր կնքվեն, քանի որ «ոչ մի երկիր թույլ չի տա իր տարածքում այլ երկրի կողմից օպերացիաների անցկացում, առավել ևս` մարդկանց ոչնչացում»:









