Գուբայում անկարգություններն առաջացել են մի տեսագրությունից

12:37 • 06.03.12

Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են Գուբա քաղաքում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետաքննությունը: Պարզվել է, որ քաղաքացիներին ապստամբության են դրդել սոցիալական ցանցերը: Ոստիկանները փնտրում են մեղավորներին, իսկ քաղաքը վերցված է իրավապահների ուժեղացված հսկողության տակ:

Հիշեցնենք, որ վրդովված գուբացիներն այրել էին քաղաքապետի տունն ու Կառավարության հյուրերի տունը: Անկարգությունները ճնշելու նպատակով` քաղաք զորք էր մտցվել, կիրառվել էին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Դեպքի վայր ժամանած տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին ու Գուբայից պատգամավոր Վագիդ Ահմեդովին հաջողվել էր պայմանավորվածության գալ քաղաքացիների հետ: Արդյունքում` ցուցարարները ցրվել էին, իսկ քաղաքապետը` պաշտոնանկ արվել:

Մինչ քննչական խումբը փնտրում է մեղավորներին, ադրբեջանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում են տալ մի շարք հարցերի պատասխաններ` ինչու՞ Ադրբեջանում անցկացվեց բողոքի զանգվածային ակցիա, ինչու՞ այն վերաճեց անկարգությունների, իսկ երկրի իշխանությունները շատ արագ կերպով ցրելով անկարգությունները` կատարեցին ցուցարարների պահանջները:

Քաղաքագետ Իբրահիմ Նասիրովի խոսքով` գուբացիներին դրդել է նման քայլի քաղաքապետ Ռաուֆ Խաբիբովի` իրենց հասցեին արված «ոչ հաճելի» արտահայտությունները: Սակայն դրանք, ըստ քաղաքագետի, Խաբիբովն ասել էր դեռ նոյեմբերին: Ցուցարարների զայրույթն է առաջացրել այդ ելույթի մոնտաժված տարբերակը, որը YouTube-ում տեղադրվել է վերջերս: