Anonymous-ի հաքերները կոտրել են Վատիկանի կայքը
Anonymous-ի հաքերները շարքից հանել են Վատիկանի պաշտոնական կայքը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, հաղորդվում էր, որ «անոնիմները» կոտրել են հակավիրուսային Panda Security ընկերության կայքը, որի աշխատակիցները, ըստ իրենց, աջակցել են հաքերական խմբավորման մի քանի տասնյակ անդամների ձերբակալությանը:
Սակայն, Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Աթոռի կայքը գրոհելու պատճառը ոչ թե ձերբակալված համախոհների համար վրեժ լուծելն է, այլ հաքերների հակակղերական տրամադրությունները:
«Անոնիմները այսօր որոշել են ձեր կայքը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու) արգելափակել ` ի պատասխան ձեր հնացած և վերացական գաղափարների, որոնք ձեր` շահույթի ստացմանը կողմնորոշված կազմակերպությունը տարածում է ամբողջ աշխարհում», - գործակալությունը մեջբերում է Anonymous-ի իտալական ստորաբաժանման կայքում հրապարակված հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Վատիկանի կայքի վրա իրականացված գրոհը ուղղված չէ ինքնին քրիստոնեության և քրիստոնյաների դեմ:










