Հայաստանը 94-րդն է` իր էլեկտրոնային կառավարությամբ. ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական զարգացման վարչությունը հրապարակել է «Էլեկտրոնային կառավարության 2012-ի ուսումնասիրություն. Էլ-կառավարություն մարդկանց համար» (E-Government Survey 2012: E-Government for the People) զեկույցը: Այն իրենից ներկայացնում է աշխարհի 193 երկրների վարկանիշային աղյուսակը` ըստ էլեկտրոնային կառավարության պատրաստվածության մակարդակի:
Զեկույցը գնահատում է տարբեր երկրների պետական մարմինների պատրաստվածությունը, պատրաստակամությունն ու հնարավորությունները` պետական ծառայությունների մատուցման գործում տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաներ (ՏԿՏ) կիրառելու հարցում:
Աղյուսակում երկները դասակարգվում են 3 հիմնական ցուցիչների հիման վրա` առցանց ծառայությունների մասշտաբի և որակի, ՏԿՏ ենթակառուցվածի զարգացվածության և մարդկային կապիտալի:
Էլ-կառավարության այս տարվա վարկանիշում առաջատարը Հարավային Կորեան է, որին հաջորդում են Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան և Դանիան: Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱՄՆ-ը:
Ըստ ՄԱԿ-ի` Եվրոպայում էլեկտրոնային կառավարության զարգացման մակարդակը 50%-ով ավելի բարձր է, քան աշխարհի այլ տարածաշրջաններում:
Նախկին ԽՍՀՄ երկներից լավ արդյունքներ ունեն Էստոնիան (20), Ռուսաստանը (27) և Լիտվան (29):
Տարածաշրջանի երկրներից առաջատարը Վրաստանն է` 72-րդ տեղ: Ադրբեջանը 96-րդն է, Հայաստանը` 94-րդը: Ընդ որում` Ադրբեջանը կտրուկ զիջել է դիրքերը` նախորդ տարվա (2010թ) վարկանիշի 83-րդ տեղից իջնելով 96-րդ տեղ: Իսկ Հայաստանն ու Վրաստանը բարելավել են նախորդ անգամվա իրենց ցուցանիշները` համապատասխանաբար 110 և 100-րդ տեղերով: Հարևան երկրներից Թուրքիան 69-րդ տեղում է,Իրանը` 100-րդը:
Վարկանիշի վերջին 3 տեղերում են Նիգերը, Չադը և Սոմալին:
Այս աղյուսակը ՄԱԿ-ը սկսել է թողարկել 2003-ից:










