Apple-ը ԱՄՆ Տեխաս նահանգում նոր` 304 միլիոն դոլարանոց գրասենյակ է կառուցում
Apple ընկերությունը ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում 304 մլն դոլար արժողությամբ նոր աշխատավայր կկառուցի, որը այդ քաղաքում աշխատակիցների քանակը կրկնապատկելու հնարավորություն կտա, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Սպասվում է, որ մոտակա 10 տարվա ընթացքում Apple-ը Օստինում 3600 նոր աշխատատեղ կհիմնի:
«Ընկերությունը առաջին անգամ Տեխաս նահանգում գրասենյակ էր հիմնել 2004 թվականին: Այդ ժամանակվանից Apple ընկերության Օստինի աշխատակիցների թիվը աճել է` հասնելով 3500-ի», - հաղորդել է Apple-ի ներկայացուցիչ Սթիվ Դոուլինգը (Steve Dowling):
Տեխասի նահանգապետ Ռիք Փերրիի խոսքերով, Apple-ը` այդ նախաձեռնության իրականացման համար, պետական միջոցներից 21 մլն դոլար կստանա, ինչպես նաև հնարավոր է հարկային արտոնություններ լինեն:










