Ադրբեջանում հանքաշահագործումը կհանգեցնի աղետների ողջ տարածաշրջանում. Մանե Հակոբյան
«Էկո դաշինքի» մեջ մտնող հասարակական կազմակերպություններն առաջիկայում միջազգային լուրջ շարժում են նախաձեռնելու, որով բարձրաձայնելու են, թե Ադրբեջանում երկրաբանական կեղևում առաջացած տեկտոնիկ խզվածքը և այս պարագայում Իրանի հնարավոր ռմբահարումներն ինչ հետևանքների կարող են հասցնել տարածաշրջանը, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «էկոդաշինքի» անդամ, տեսաբան-ֆիզիկոս Մանե Հակոբյանը:
Գիտնականը այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած թույլ երկրաշարժը ևս կապում է տեկտոնիկ խզվածքում ընթացող պրոցեսների հետ, որոնք սկիզբ են առել 2011թ. մարտի սկզբին առաջացած տեխնածին տեկտոնիկ խզվածքից:
Մանե Հակոբյանը իր գիտական հոդվածներում մշտապես առաջ է քաշում այն թեզը, որ տեկտոնիկ խզվածքի պատճառը Ադրբեջանում 150 տարուց ավելի ընթացող ինտենսիվ նավթարդյունահանումն ու գազարդյունահանումն է, ինչպես նաև նավթագազային ստորգետնյա դատարկված բնական պահեստարանների կոնսերվացման բացակայությունը, ինչը, ի վերջո, հանգեցնելու է տեխնածին աղետների ու երկրաշարժերի ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 08:53 -ին, ադրբեջանական SalamNews կայքը հաղորել էր, որ Ադրբեջանի Շամախիի և Իսմաիլլիի շրջաններում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3,5 բալ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում նշվում է, որ երկրաշարժի հզորությությունը եղել 4, 3 մագնիտուդ։
Մանե Հակոբյանը սարսափած է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ կենտրոնի ղեկավար Ղուրբան Եթիրմիշլիի 15.02.2012թ. հայտարարությունից, որի համաձայն, Ադրբեջանի տարածքում 2011թ.-ի ընթացքում արտանետված սեյսմիկ էներգիան 2010թ–ի համեմատ ավելացել է 25%-ով, իսկ երկրաշարժերի թիվը` 60%-ով:
«Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա այդ վտանգավոր տեխնածին տեկտոնիկ խզվածքը վաղ թե ուշ հանգեցնելու է խզվածքից աջ, դեպի Կասպից ծով ընկած երկրակեղևի, այդ թվում` մայրաքաղաք Բաքվի, ողջ Ապշերոնյան թերակղզու և այլն, փլուզմանը դեպի Կասպից ծով, հանգեցնելով տարածաշրջանային, հնարավոր գլոբալ բնապահպանական կործանարար աղետի»,- ասաց գիտնականը՝ նշելով, որ փլուզման հետևանքով կարտանետվի ահռելի` բազմաթիվ ատոմային հզոր ռումբերի պայթեցմանը համարժեք էներգիա, ինչն էլ կհանգեցնի բազմաթիվ մեծ մագնիտուդի տեխնածին ավերիչ երկրաշարժերի առաջացմանը։
Գիտնականը վիճակն էլ ավելի անհանգստացնող է համարում հիմա, երբ ակտիվացել են Իրանի միջուկային ծրագրերը խափանելու նպատակով հնարավոր ռմբահարումների մասին Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից արվող հայտարարությունները:
Ըստ նրա՝ Իրանի տարածքում խորքային ռմբահարումները կարագացնեն ադրբեջանական տեխնածին տեկտոնիկ խզվածքում ավերման պրոցեսները՝ հանգեցնելով տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական աննախադեպ աղետի:










