Ռուսները կոմունիստ ռոբո՞տ են ստեղծելու

17:38 • 12.03.12

«Ռոսիա 2045» շարժման շրջանակներում ստեղծվող արհեստական մարդը ենթադրաբար կոմունիստ կլինի, հայտարարել է դոկտոր Հովարդ Պոն` ընդգծելով, որ դեմ է Ռուսաստանում նման ռոբոտի ստեղծմանը:

«Ռոսիա 2045» հասարակական շարժումը հիմնադրել է New Media Stars մեդիահոլդինգի նախագահ Դմիտրի Իցկովը, 2011թ. փետրվարին, նեյրոինտերֆեյսի, արհեստական օրգանների ու համակարգերի ռուս առաջատար մասնագետների մասնակցությամբ: Շարժման հիմնական նպատակը մարդկության զարգացման նոր գաղափարախոսության ստեղծումն է:

«Սա հետաքրքիր գաղափար է, և շատերը փորձում են այն իրականացնել, ներառյալ` ԱՄՆ բանակը, սակայն դրա իրականացման ժամանակ կարող են ի հայտ գալ մի շարք բարոյական, էթիկական խնդիրներ, որոնք, ի դեպ, ռուսները խոչընդոտ չեն համարում», - Scrape TV-ին տված հարցազրույցում ասել է Պոն:

Գիտնականը վտանգավոր է համարում մարդկության ապագան վստահել «մարդկանց, որոնք իրենց գործողություններում ղեկավարվում են ամբիցիաներով ու նյութական հարցերով (նկատի ունի Իցկովին-Tert.am)»:

«Հիշեք Ֆրանկեյնշտեյնի ստեղծածը, որի զոհը դարձավ երեխա: Երեխաների սպանությունը հաստատ այն ապագան չէ, որը ես կցանկանայի տեսնել: Մտածեք երեխաների մասին»,- եթերում ասել է Պոն: