Yahoo-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի

09:18 • 13.03.12

Yahoo ընկերությունը Կալիֆորնիայի Սան Խոսե դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի, մեղադրելով վերջինին առանց թույլտվության ընկերության 10 արտոնագրերից օգտվելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

Yahoo-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց արտոնագրերն առցանց ապրանքների բնագավառում նորարարություններ են։ Դրանք ներառոմ են՝ հաղորդագրությունների փոխանակում, լուրերի թողարկում, մեկնաբանությունների հնարավորություն, գովազդների ցուցադրություն և այլն։

Նշվում է նաև, որ Facebook սոցիալական ցանցի հիմնական առավելությունները, որոնք թույլատրում են բաժանորդներին ստեղծել իրենց էջերն ու միմյանց միջև կապ հաստատել, հիմնված են Yahoo-ի արտոնագրած տեխնոլոգիաների վրա։

Մինչդեռ Facebook-ի ներկայացուցչի խոսքերով՝ Yahoo-ի գործողությունները զարմանք են առաջացրել։ «Մենք հիասթափված ենք, որ մեր հին գործընկերը, որը զգալիորեն շահել է Facebook-ի հետ համագործակցելուց, որոշել է դիմել դատական մարմիններին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ 

Ներկայում Yahoo-ն ճգնաժամի մեջ է։ Ընկերության նոր գլխավոր տնօրեն Թոմ Սքոթը նախատեսում է ընկերութայն վերակազմավորում, որն ի թիվս այլ բաների ներառում է աշխատատեղերի զանգվածային կրճատում։

 

 

Yahoo-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի