Ընտրողները գերադասում են ցածր ձայնով թեկնածուներին. հետազոտություն

00:03 • 15.03.12

Խոր և ցածր ձայնի տեմբր ունեցող թեկնածու քաղաքական գործիչներն ընտրվելու ավելի մեծ հավանակություն ունեն, եզրակացրել են Մայամիի համալսարանի գիտնականները։ 

Ըստ BBC-ի՝ իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները ձայնագրել են թե՛ արական (10 հոգու), թե՛ իգական սեռի (17 հոգու) հռետորների խոսքը, ապա փոփոխել են ձայնն ու ներկայացրել ունկնդիրներին: Հռետորները այս ուսումնասիրության համար մեկ ֆրազ են արտասանել. «Ես ձեզ կոչ եմ անում նոյեմբեր ամսին իմ օգտին քվեարկել»:

Արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ նախապատվություն է տրվել ցածր ձայնով ելույթ ունեցողներին։ 

«Իրենք քաղաքական գործիչները գիտեն դա և հաճախ են դիմում մասնագետներին իրենց «ձայնը դնելու» համար` ընտրողների շրջանում իրենց գրավչությունը մեծացնելու համար», - հայտարարել է հետազոտության մասնակիցներից մեկը` Քեյսի Քլոֆսթադը:

Դրանից բացի՝ գիտնականները պարզել են, որ ավելի ցածր ձայնով կանանց ունկնդիրներն ընկալում են իբրև ավելի ուժեղ, ձեռնհաս և վստահության արժանի մարդիկ:
 

Ընտրողները գերադասում են ցածր ձայնով թեկնածուներին. հետազոտություն