Հայ երիտասարդները սկսել են ավելի շատ հետևել իրենց առողջությանը
Այսօրվա երիտասարդները սկսել են ավելի շատ հետևել իրենց առողջությանը և մասնավորպես սրտին: Նման միտում է նկատել Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
Նրա խոսքով նախկինում երիտասարդները ավելի անտարբեր էին իրենց առողջության նկատմամբ, իսկ այսօր պատկերը փոխվել է. «Առաջվա երիտասարդը իր առողջությանը չէր հետևում, այսօր անգամ պրոֆիլակտիկ նպատակով գալիս են և այս առումով հիվանդության հայտնաբերելիությունն էլ է ավելացել»,-ասաց նա:
Սրտանոթային հիվանդությունների երիտասարդացումը սրտաբանը պայմանավորում է մի շարք գործոններով, որոնք այսօր տարածված են Հայասատանում: Նախ ծխախոտը, ապա՝ քաշի ավելցուկը և հիպոդինամիան, այիսնքն՝ ակտիվ կենսակերպի բացակայությունը, որոնք նրա խոսքով լուրջ ռիսկային գործոններ են:
«Ամբողջ օրը մենք չենք ծախսում էներգիա։ Կուտակում ենք, բայց չենք ծախսում: Անգամ զլանում ենք աստիճաններով բարձրանալ, վերելակ ենք նստում: Եվ այսքանից հետո ակնկալել, որ մենք կունենանք առողջ երիտասարդություն, ռեալ չէ», -նկատեց բժիշկը:
Առողջ օրգանիզմ ունենալու ամենակարևոր պայմանն ըստ բժշկի առողջ սնունդն է: Թեև այսօր այնքան էլ հնարավոր չէ սնվել բացառապես առողջ սննդամթերքներով, բայց բժիշկը խորհուրդ տվեց սնդի մեջ նվազեցնել աղի, քաղցրավենիքի քանակը:










