Երրորդ սերնդի iPad-ի առաջին գնորդն ավստրալացի է. iPad 3-ի վաճառքը մեկնարկել է
Երրորդ սերնդի iPad-ի պաշտոնական վաճառքներն առաջինը սկսվել են Ավստրալիայում.այն առաջինը ձեռք է բերել Սիդնեյի 34-ամյա բնակիչ Դևիդ Տարասենկոն, հաղորդում է Reuters-ը:
Ավստրալիայում նոր սարքավորումն առաջինը սկսել է վաճառել ոչ թե պաշտոնական Apple Store-ը, այլ ավստրալական կապի օպերատոր Telstra-ն, որը սկսել է վաճառքը կեսգիշերն անց` չսպասելով խանութների բացմանը:
Իսկ այսօր առավոտից ոչ միայն Ավստրալիայի, այլև Միացյալ Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հոնգկոնգի, Ճապոնիայի, Սինգապուրի և Շվեյցարիայի Apple խանութներում սկսվում է նոր սերնդի պլանշետային համակարգչի վաճառքները. այն ձեռք բերելու համար Apple Store-ի մոտ արդեն հերթեր են գոյացել:
Բրենդի երկրպագուների համար հերթերում կանգնելը որոշ մարդկանց համար դարձել է բիզնեսի աղբյուր: Օրինակ` Լոնդոնում Apple Store-ի խանութի մոտ գոյացած հերթում չորրորդ տեղը eBay օնլայն-աճուրդի է հանվել: Իսկ Նյու Յորքի Apple-ի խանութի հերթում երրորդ տեղը վաճառվում է 1.500 դոլարով:
Հիշեցնենք, որ ընկերության երրորդ սերնդի պլանշետը պաշտոնապես ներկայացվել էր մարտի 7-ին: Apple-ի պլանշետներն առաջատար են պլանշետների համաշխարհային շուկայում: Այս մոդելի վաճառքով, այն կարող է ամրապնդել իր դիրքերը:










