Օդի աղտոտվածությունը` մահվան պատճառ. զգուշացնում են փորձագետները

17:45 • 17.03.12

Աղտոտված օդը մահաբեր է, զգուշացնում են «Տնտեսական համագործակցության ու զարգացման» կազմակերպության մասնագետները:

Ըստ «Մինչև 2050թ. շրջակա միջավայրի իրավիճակի հեռանկարները. անգործության հետևանքները» զեկույցի՝ առաջիկա 40 տարիներին օդի աղտոտման հետևանքով շնչառական ուղիների հիվանդություններից մահացությունը կրկնակի կավելանա` հասնելով 3.6 մլն-ի:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, փորձագետներն ամենաողբերգական հեռանկարը կանխատեսում են Չինաստանի ու Հնդկաստանի համար:

Զեկույցում, բացի օդի աղտոտվածությունից, նշվում են մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող «բնության» այլ գործոններ` անորակ ջուր, սանիտարական վատ պայմաններ և այլն:

Ըստ փորձագետների` բնակչությունը հետագայում պետք է համակերպվի խմելու ջրի պակասին: Ջրի համաշխարհային պահանջարկը մինչև 2050թ. կավելանա 55%-ով: Արդյունքում` Երկիր մոլորակի մոտ 2.3 մլրդ բնակիչ կկանգնի ջրի դեֆիցիտի առջև: Դա հատկապես վերաբերում է Աֆրիկայի հյուսիսային ու հարավային շրջանների և Հարավային ու Կենտրոնական Ասիայի բնակչությանը:
 

Օդի աղտոտվածությունը` մահվան պատճառ. զգուշացնում են փորձագետները