Վրաստանում ամերիկյան լաբորատորիայի ստեղծումը կասկածելի է. եվրոպացի փորձագետ

16:38 • 20.03.12

ԱՄՆ զինված ուժերի «Ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտությունների ինստիտուտը» (USAMRIID) վրացի վիրուսաբանների ու կենսաբանների հետ համատեղ օրերս Վրաստանում գաղտնի լաբորատորիա է բացել:

Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Աննա Կարապետյանը, իր հոդվածում անդրադառնալով «կասկածելի» լաբորատորիայի թեմային, նշում է, որ պաշտոնական վարկածով` ամերիկացի ու վրացի մասնագետները Հասարակական առողջապահութան կենտրոնական ռեֆերալ լաբորատորիայում կանցկացնեն խոլերայի հարուցիչի հետազոտություններ, ինչպես նաև կմշակեն դրանց հայտնաբերման նոր մեթոդներ:

Սակայն Վրաստանի քաղաքացիները, հատկապես` հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված շրջաններն այս առումով անհանգստություն են հայտնել` նշելով, որ այս աշխատանքները հնարավորություն են ընձեռում ոչ միայն խոլերայի հարուցիչի հետազոտություններ անցկացնելու, այլև դրանց մոդիֆիկացման ճանապարհով կենսաբանական զենք ստեղծելու համար:

Իսկ կասկածներ հարուցող հիմնական փաստերը հետևյալն են.

1.Արյան բանկն ու լաբորատորիան գտնվում են ռազմական օդանավակայանի տարածքում:
2. Լաբորատորիայի բացման արարողության ժամանակ ամերիկյան կողմից ներկա է եղել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` միջուկային, կենսաբանական ու քիմիական պաշտպանության հարցերով փոխնախարար Էնդրյու Վեբերը:
3. Լաբորատորիայի տնօրենն է Աննա Ժվանիան` Վրաստանի արտաքին հետախուզական հատուկ ծառայության նախկին պետը:
4.Քաղաքացիական անձնակազմից բացի, լաբորատորիայում կաշխատեն նաև զինվորականներ:
5. Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ երկրում լաբորատորիայի բացման ընտրությունը պայմանավորված է «դրա աշխարհագրական դիրքով»:
6.Լաբորատորիա արգելված է ոչ միայն Վրաստանի քաղաքացիների ու լրագրողների,այլև հարևան երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, ինչպես նաև, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանի ներկայացուցիչների մուտքը:

Իրավիճակը մեկնաբանել է «Կենսաբանական սպառնալիքի կրճատման» ծրագրի ղեկավար, Համբուրգի Աշխարհի խնդիրների ու անվտանգության քաղաքականության հետազոտման ինստիտուտի կենսաբանական զենքի ուսումնասիրմամբ զբաղվող խմբի ղեկավար Իրիս Հանգերը:

«Խոլերան հնարավոր կենսաբանական զենքի տարր չէ, և այս կապակցությամբ այն չի կարող անհանգստության առիթ լինել, քանի որ այն հեշտությամբ է բուժվում, և երկրորդ` կան հատուկ պատվաստանյութեր», - ասել է նա:

Ըստ նրա` անհանգստություն է առաջացնում այն, որ լաբորատորիան ստեղծվել է ԱՄՆ ռազմական ֆինանսական միջոցներով:

«Սա անվտանգության հարց է: Ես չեմ ողջունում ձեռնարկը, և բազմիցս խոսել եմ այն մասին, որ վիրուսների ու հիվանդությունների հարցերով պետք է զբաղվի առողջապահության նախարարությունը: Այս ամենը, իհարկե, կասկածներ է հարուցում»,- ասել է նա` հավելելով, որ դրանք ցրելու համար պետք է լաբորատորիայում աշխատանքի հրավիրվեն տարածաշրջանի գիտնականներն ու մասնագետները, «և նույնիսկ հարևան Իրանից»: Իսկ եթե չհրավիրվեն, Իրիս Հանգերի խոսքով, «ուրեմն մի բան այն չէ»:

Լաբորատորիայի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2006 թ.-ին, ավարտվել 2009 թ.-ի դեկտեմբերին: Ներդրվել է ընդհանուր 100 մլն դոլար գումար:

Վրաստանում ամերիկյան լաբորատորիայի ստեղծումը կասկածելի է. եվրոպացի փորձագետ