Ինֆարկտը 2 շաբաթ առաջ կանխատեսելու ձև է հայտնաբերվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սքրիպս գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, արյան մեջ դեֆորմացված էնդոթելիալ բջիջներ են հայտնաբերել, որոնք նախանշում են մոտալուտ ինֆարկտի մասին, հաղորդում է Medical Xpress-ը:
Հետազոտության ղեկավար Էրիկ Տոպոլը և նրա գործընկերները 50 հիվանդի արյուն են ուսումնասիրել: Արյան հետազոտությունը իրականացվել է նորագույն տեխնոլոգիայով, որը բջիջները տեսակավորելու հնարավորություն է տալիս: Գիտնականներն արյան նմուշներում մեծ քանակի շերտազատված էնդոթելիալ բջիջների առկայություն են նկատել, որոնք նաև շատ դեֆորմացված են և հնարավոր է կուտակումներ կազմեին:
Սրտաբաններն այդ բջիջները անվանել են «շրջանառու էնդոթելիալ բջիջներ»: Բոլոր հետազոտված հիվանդները հիվանդանոց են ընդունվել կրծքավանդակի ցավի բողոքներով, որը ինֆարկտի հիմնական կլինիկական ախտանշանն է: Այդ խմբի հիվանդների միջին տարիքը 58.5 տարի է:
Համեմատության համար գիտնականները 44 կամավոր են ընտրել հետազոտվող հիվանդների խմբից ավելի երիտասարդ և 10 մարդ 50-ից բարձր տարիքի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ շրջանառու բջիջների քանակը հիվանդ մարդկանց արյան մեջ 4 անգամ գերազանցում է առողջների արյան մեջ առկա քանակը: Հետազոտված առողջ մարդկանց արյան բջիջները դեֆորմացված չեն եղել:
Գիտնականները կարծում են, որ էնդոթելիալ բջիջները` արյունատար անոթների պատերից մեծ քանակով սկսում են շերտազատվել ինֆարկտից 2 շաբաթ առաջ: Սակայն այս փաստը դեռ ապացուցված չէ:
Գիտական խումբը մտադիր է պարզել, թե երբ է սկսվում զանգվածային շերտազատումը: Նրանց կարծիքով, այդ երևույթը կարելի է որպես ինֆարկտին նախորդող գործընթացների կենսաախտանիշ համարել և դրանով ինֆարկտը կանխարգելել:










