Սև ծովին կալիումի ցիանիդով աղտոտման վտանգ է սպառնում

23:31 • 22.03.12

Անօրգանական ուժեղագույն թույնը` կալիումի ցիանիդը կարող է Սև ծովում հայտնվել քանդված վրացական ֆաբրիկայից, gazeta.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի «Կանաչների կուսակցության» առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն:

Նրա խոսքերով Քութայիսիի և Զեստաֆոնիի միջև գտնվող ֆաբրիկայի տարածքում հսկայական քանակի կալիումի ցիանիդ էր պահվում, այժմ շենքը փլուզվել է ձյան պատճառով և այնտեղ գտնվող թույնը ավերակների տակ է մնացել:

«Եթե կալիումի ցիանիդը բնության մեջ հայտնվի, բնակչությանը լրջագույն վտանգ կսպառնա, քանի որ, նույնիսկ գրամից քիչ չափաբաժինը մարդու համար մահացու է», - հայտարարել է Գաչեչիլաձեն:

Կանաչների ղեկավարը համարում է, որ եթե Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը շտապ չարձագանքի, ապա կալիումի ցիանիդը նախ կհայտնվի Կվիրիլա գետում, ապա նաև Սև ծովում:

«Բացի ծովում հայտնվելը, թույնը կարող է նաև գոլոշանալ և երկրի վրա վերադառնալ անձրևի տեսքով, ինչը նույնպես անչափ վտանգավոր է», - նախազգուշացնում է վրաստանցի բնապահպանը:

Սև ծովին կալիումի ցիանիդով աղտոտման վտանգ է սպառնում