Ռուսաստանը գենային և հոգեֆիզիկական զենք է ստեղծում
Ռուսաստանում 2012թ. վերջին պատրաստ կլինի` ճառագայթային, ֆիզիկական, ալիքային, գենային և հոգեֆիզիկական սպառազինության վերաբերյալ նախագիծը, այս մասին հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին:
Ըստ նախարարի, նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքի ստեղծման խնդիրները ներառված են 2011-2020թթ ծրագրում: Նորագույն զինատեսակների ստեղծման ծրագրի հնարավոր ֆինանսավորման ծավալները չեն հաղորդվում:
Ռուսաստանից բացի, ոչ ստանդարտ զենքի ստեղծման ուղղությամբ աշխատում է նաև ԱՄՆ-ը: Հաղորդվում է, որ MEDUSA (Mob Excess Deterrent Using Silent Audio) ծրագրի շրջանակներում ամերիկացիները, այսպես կոչված «տելեպատիկ հրանոթ» են նախագծում: Այս նոր զենքը մարդկանց մոտ վախի զգացում է առաջացնում:
ԱՄՆ-ում նաև նախագծվել է ջերմային էլեկտրամագնիսական հրանոթ, որը նախատեսված է մարդկանց կուտակումները ցրելու համար: «Ցավի ճառագայթ» անվանումով հայտնի այս ոչ մահացու զենքը մինչև 1 կմ հեռավորության վրա հզոր ջերմային ալիք է հաղորդում:










