Սննդում առկա տրանսճարպերն ագրեսիա են առաջացնում
Սննդում տրանսճարպերի օգտագործումը, որոնք առկա են ժամանակակից սննդամթերքի բազմաթիվ տեսակներում, հանգեցնում է դյուրագրգռության և ագրեսիայի:
Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարանի գիտնականները:
Ճարպաթթուների տրանսիզոմերները գիտական շրջանակներում անհանգստություն էին առաջ բերել դեռ անցյալ դարի 90-ական թվականներին: Այդ ընթացքում, մի շարք ուսումնասիրություններ հրապարակվեցին, որոնցում նշվում էր, որ տրանսիզոմերային ճարպաթթուների օգտագործման հետևանքով սիրտանոթային հիվանդությունների ռիսկն է ավելանում:
Հետագայում ամերիկյան հետազոտությունները կենտրոնացան նաև տրանսճարպերի և դյուրագրգռության կապի պարզաբանման խնդրի վրա: Որպես ուսումնասիրության հիմք վերցվեց բազային սննդային և վարքային ուսումնասիրությունների ավելի վաղ կատարված կլինիկական փորձերի տվյալները:
Արդյունքում պարզվեց, որ 1000 մարդուց 945-ի պարագայում դյուրագրգռության կամ ագրեսիվ վարքի ու տրանսճարպերի միջև գոյություն ունի ուղղակի կապ:
Գիտափորձի ճշգրտության համար հետազոտական խումբը նաև այլ հնարավոր պատճառները, ինչպիսիք են՝ սեռը, տարիքը, կրթությունը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հասարակական դիրքը, էթնիկ պատկանելությունը, նույնպես ուսումնասիրեց: Սակայն բացահայտվեց, որ տրանսճարպերի գործոնի ազդեցությունն առավելագույնն է:
Հետազոտությունը ցույց տվեց, որ ճարպաթթուների տրանսիզոմերները նվազեցնում են օրգանիզմում Օմեգա-3 չհագեցած ճարպային թթուների արտադրությունը, որոնք բնականոն կերպով նվազեցնում են ագրեսիայի մակարդակը:
«Մեր հայտնագործությունը զգուշացում է, որ սննդակարգում պետք է բացառվի այն սննդամթերքը, որում առկա են տրանսիզոմերային ճարպաթթուները: Առաջնահերթ է, որ նման միջոցառումներ իրականացվեն կալանավայրերում և ուսումնական հաստատություններում», - հայտարարել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Բեատրիս Գոլոմբը:










