Իրանը Ռուսաստանի հետ նոր ատոմակայաններ կառուցելու պատրաստակամություն է հայտնել
Իրանը, բացի Բուշերի ԱԷԿ-ից, հետաքրքրված է, որ ևս մի քանի ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում շարունակվի Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այդ մասին, Fars գործակալության հաղորդմամբ, մարտի 25-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին:
«Քանի որ Բուշերի ԱԷԿ-ի ռուսաստանյան կապալառու ընկերությունը նախագծի վրա բարեխղճորեն է աշխատել և նախագիծը որակյալ ավարտին հասցնելու իր վճռականությունն է արտահայտել, մենք կցանկանայինք շարունակել համագործակցությունը մի քանի նոր ատոմային էլեկրտակայանների կառուցման հարցում»,- հայտարարել է Ֆերեյդուն Աբասին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս Բուշերի ԱԷԿ-ն աշխատում է մաքսիմալ զորության 75%-ով: Նախատեսվում է, որ մաքսիմալ՝ 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ը կսկսի աշխատել մայիսի վերջից:
Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1974թ. գերմանական Kraftwerk Union A.G. (Siemens/KWU) կոնցերնի կողմից: ՌԴ-ի և ԻԻՀ-ի միջև 1992թ. կնքված միջպետական պայմանագրի հիման վրա սկսվեց այդ ոլորտում ռուս - իրանական համագործակցությունը, և 1995թ. կայանի էներգոբլոկը ավարտին հասցնելու պայմանագիր կնքվեց: 2001-ից սկսվեց կայանի հիմնական տեխնիկական հագեցումը:
Կայանի ֆիզիկական մեկնարկը տրվեց 2010թ., երբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների վերահսկողությամբ ներկրվեց միջուկային թարմ վառելիք, իսկ 2011թ. մայիսին կայանը անցավ բնականոն աշխատանքի:










