Եգիպտոսի հնագույն դամբարանները թալանվում են

14:10 • 26.03.12

Եգիպտոսում քաղաքական անկայունությամբ պայմանավորված` ակտիվացել է հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնք զբաղվում են հնագույն դամբարանների ապօրինի պեղումներով ու թալանով: Պեղումների արդյունքում փարավոնների, անտիկ ու վաղ քրիստոնեության դարաշրջանի ինքնատիպ իրերը հայտնվում են հնությունների «սև շուկայում», հայտնում է BBC-ն:

Մի շարք դեպքերում բարբարոսական պեղումներն արվում են բուլդոզերների օգնությամբ: Որպես օրինակ է բերվում Կահիրեից 150 կմ հարավում գտնվող Էլ Խիբեխում տիրող իրավիճակը: Տարիներ շարունակ այստեղ պեղումներով է զբաղվել Բերքլիի համալսարանի հնագիտական խումբը: Սակայն նախորդ ամիս գիտնականները չեն կարողացել շարունակել աշխատանքները, քանի որ պեղումների գոտին հայտնվել է հանցավոր խմբավորումների «թիրախում»: Նրանք բացել են շիրիմներն ու թալանել դրանք:

«Գողերը փնտրում են թալիսմաններ, թանկարժեք քարեր… Մենք ցնցված ենք կատարվածից», - ասել է հնագետ Քերոլ Ռեդմոնտը:

Եգիպտոսի իշխանությունները ներկայում քայլեր են ձեռնարկում իրավիճակը հսկողության տակ առնելու ուղղությամբ:

Եգիպտոսի հնագույն դամբարանները թալանվում են