Քաղաքական ուժերից պահանջում են իրենց ծրագրերում ավելացնել գիտության ֆինանսավորումը

12:28 • 26.03.12

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամները համամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ են անում իրենց քաղաքական ծրագրերում ավելացնել գիտության ֆինանսավորման ավելացման հարցը, այս մասին խմբի անդամները հայտարարերցին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆեյսբուքյան այս խմբի անդամ Արթուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցով փորձել են կապ հաստատել բոլոր ինն ուժերի հետ, սակայն մինչ օրս միայն «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքն են արձագանքել:

«Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի ՀՆԱ-ի առնվազն 1%-ը՝ հետագայում տարեկան 0.2 %-ի աճի միտումով: Այսօր այն հաշվվում է բյուջեյով, այնինչ ամբողջ աշխարհում այն հաշվում են ՀՆԱ-ով»,- ասաց նա:
Գիտնական Արամ Ջիվանյանն էլ իր հերթին նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ իրենց բոլոր ելույթներում խոսում են գիտությունից, բայց վերաբերմունքը գիտության նկատմամբ չի փոխվում:

«Նրանց խոսքն ու գործը շատ տարբեր են: Գիտության հանդեպ վերաբերմունքը միայն ֆինանսավորման կտրուկ աճով չի արտահայտվում: Մի շարք օրենքներ են հարկավոր մշակել: Մենք շատ ենք բարձրացրել այս հարցը ևս: Օրինակի համար պետք է նշել, որ «Անկախ գիտական փորձաքննության» մասին և գիտական սարքավորումները և նյութերը մաքսազերծումից ազատելու մասին օրենքներ պետք է ընդունել, դա չի պահանջում մեծ գումարներ, որ մեր կառավարությունը չունենա, բայց դա խոչընդոտում է գիտության զարգացմանը»,- ասաց նա

Արթուր Մովսիսյանը նշեց, որ երկու ամիս առաջ տարբեր կուսակցություններ իրենց խոսք տվեցին այդ հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն այդպես իրենցն խոսքի տերը չեղան։

Ըստ խմբի անդամների՝ եթե առաջիկայում գիտության ոլորտի ֆինանսավորումը չբարձրացվի, գիտնականների արտահոսքն էլ ավելի կմեծանա:

Նշենք նաև, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» այս նախաձեռնությունը ձևավորվել է մեկ տարի առաջ:

Քաղաքական ուժերից պահանջում են իրենց ծրագրերում ավելացնել գիտության ֆինանսավորումը