Երեխայի ծնունդը կնոջ համար սրտի նոպայի ռիսկ է պարունակում

19:15 • 26.03.12

Հղիությունն ու ծննդաբերությունից հետո 12 շաբաթվա ընթացքում ի հայտ եկող հորմոնալ փոփոխությունները 3-4 անգամ մեծացնում են սրտի կաթված ունենալու հավանականությունը` ոչ հղի կանանց ցուցանիշների համեմատ: Այս եզրահանգման են եկել մասնագետները:

Reuters-ի փոխանցմամբ` մասնագետները նշում են, որ հորմոնալ տատանումները, պտղի հաշվին արյան ավելացած ծավալը և այլ փոփոխություններն ընդարձակում են սրտի նոպային նպաստող գործոնների ցանկը: Սովորաբար, սրտի նոպայի ամենատարածված պատճառներից է համարվում աթերոսկլերոզը: Սակայն դա արդիական է միայն նոպա ունեցող հղի կանանց մեկ երրորդի համար:

Առավել հաճախ հղիները տառապում են կորոնար շնչերակի պատերի հանկարծակի քայքայումից, ինչի արդյունքում շնչերակի պատերն արգելափակում են արյան հոսքը: Իսկ ոչ հղի կանանց շրջանում նման խանգարում հազվադեպ է լինում:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Ուրի Էլկայամն առաջարկում է վերանայել հղի կանանց խնդիրների հանդեպ սրտաբանների հայացքները: 378 դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի կանանց մոտ չեն դիտվում սրտի նոպայի ստանդարտ գործոններ` խոլեստերինի բարձր պարունակություն, հիպերտոնիա և շաքարախտ:

Բացի այդ, սրտի նոպաները տարբերվում են բարձր սրությամբ, իսկ մահացության ցուցանիշը գերազանցում է նույն տարիքի ոչ հղի կանանց տվյալները:

Երեխայի ծնունդը կնոջ համար սրտի նոպայի ռիսկ է պարունակում