Facebook-ում հնարավոր կլինի ավելացնել ոչ միայն «ընկերների», այլև «թշնամիների»
Facebook սոցիալական ցանցի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել նշել այն ամենը, ինչը նրանք չեն սիրում: Սակայն դա հնարավոր կլինի միայն Enemygraph հավելվածի տեղադրումից հետո: Թե երբ այդ հնարավորությունը կընձեռվի, չի հաղորդվում:
«Թշնամիների» ցանկում կարելի է ավելացնել մարդկանց, գրքեր, կամ ֆիլմեր, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Enemygraph-ի կայքի հակավարկանշային աղյուսակը, որը կազմվել է օգտատերերի տվյալների հիման վրա, գլխավորում են ԱՄՆ նախագահի` Հանրապետական կուսակցությունից թեկնածության հավակնորդ Ռիկ Սանտորումը, Ուեսթբորո Բապտիստական եկեղեցին և Fox News հեռուստաալիքը:
Mashable պորտալի համաձայն` հավելվածը մշակել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Դին Թերին և նրա երկու ուսանողները:
Պրոֆեսորի խոսքով` Enemygraph-ն օգտակար կլինի հետազոտողների ու շուկայագետների համար, որոնք երկար ժամանակ նյութեր են հավաքում այն մասին, թե ինչ է դուր գալիս սոցցանցերից օգտվողներին:
«Չէ՞ որ կարելի է շատ բան իմանալ մարդկանց մասին` պարզելով, թե ինչը նրանց դուր չի գալիս», - ասել է Թերին:










